Armenia հեշթեգը մեկ օրում «պայթեցրել» է Instagram-ը

Ամբողջ աշխարհի հայերը սկսել են ավելի հաճախ օգտվել սոցիալական կայքերից։ Իսկ թե Հայաստանի սահմաններից այն կողմ ապրող մարդիկ որքան տեղեկություն ունեն մեր երկրի մասին, կախված է ոչ միայն հայերից, այլ նաև Հայաստան եկող զբոսաշրջիկներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Armenia հեշթեգների քանակը Instagram սոցիալական կայքում մեկ օրվա՝ Սուրբ ծնունդի ընթացքում գերազանցել է 1000-ը, իսկ տարեսկզբից ի վեր` 7000-ը։ 

Որքան շատ են կոնկրետ երկրի, քաղաքի հետ կապված հեշթեգները, այնքան այդ երկիրն ավելի գրավիչ է դառնում օտարերկրացիների աչքերում։ Պատասխանը մեկն է` եթե մարդիկ այդ երկրում նկարված լուսանկարներ են հրապարակում, ուրեմն իսկապես արժի այցելել տվյալ երկիր։ Instagram-ի օգտատերերն այս օրերին տոնական լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում։ Հրապարակումների շարքում կարելի է տեսնել ճանապարհորդական լուսանկարներ ու տեսանյութեր, ազգային խոհանոցի ուտեստներ, սելֆի, բարեկամների ու ընկերների հետ լուսանկարներ։

Հայկական առեղծվածը կամ հուզիչ տաճարը․ Գառնին ամերիկյան ամսագրի էջերում

Վերջին շաբաթվա ընթացքում շատ ակտիվ էին զբոսաշրջիկները, որոնք լուսանկարներ էին տեղադրում հայաստանյան ուղևորությունից։ Ի դեպ, հենց նրանց շնորհիվ են ակտիվացել մեր երկրի տարբեր քաղաքների անվանումներով հեշթեգները՝ Երևան, Ծաղկաձոր, Գառնի, Գեղարդ, Ալավերդի, Սաղմոսավանք, Սևան և այլն։

Իհարկե, հրապարակումների ցանկում էին նաև Սուրբ ծնունդի ու Ամանորի թեմայով լուսանկարներն ու տեսանյութերը։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանեց այդպիսի ակտիվությունը Instagram-ում ։

«Սովորաբար հունվարի 6-ին հայկական թեման թրենդային է դառնում, քանի որ միայն մենք ենք այդ օրը նշում Սուրբ ծնունդը։ Եվ, իհարկե, զբոսաշրջիկների հրապարակումներն էլ դերակատարություն ունեն», — ասաց նա։

Ի դեպ, ստացվում է, որ մի փոքր մարքեթինգային գաղտնիք կա։ Instagram-ում մեծ թվով վաճառողներ կան, որոնք տարբեր երկրների ազգային տոների ժամանակ օգտվում են իրավիճակից ու համապատասխան հեշթեգ դնում։ Կարելի է մարդկանց կոնկրետ զանգվածի հետ աշխատել ու ավելի շատ հաճախորդ գրավել։

Մեր հայրենակիցների դեպքում էլ այդ ամենը կարող է «լավ աշխատել», քանի որ նրանք միշտ հայկական թեմատիկայի հետ կապված նյութեր են փնտրում։

Այս պահին «Armenia» հեշթեգների քանակն Instagram-ում 3.025.700 է, իսկ «Армения»-ինը ՝ 693 059։ «Yerevan» նշումով հրապարակումների թիվը կազմում է 830 295, իսկ «Ереван»՝ 399 717, չհաշված նաև այն, որ շատ էջեր փակ են, իսկ օգտատերերի մի մասը մոռանում է կամ պարզապես հեշթեգներ չի դնում։