Հնում հայերը հավատում էին, որ եթե կերակուրը չխառնեն, հաջորդ տարին խառնակ չի լինի, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։
«Մենք կերակուր էինք պատրաստում, որ աշխարհում խաղաղություն, կայունություն լինի»,- ասաց նա։
Հայաստանի տարբեր բնակավայրերում Ամանորի կերակրատեսակների հետ կապված տոնական ու ծիսական բազում ավանդույթներ են եղել, որոնցից շատերը հասել են նաև մեր օրեր։ Մամուլյանը ներկայացնելով դրանցից մի քանիսը` նշեց, որ մեր տոնածիսական կերակրատեսակների համակարգը պահպանվել ու մեզ է հասել մեր տատիկների շնորհիվ։
Ամանորի կերակրատեսակներից ամենահայտնին, որ առ այսօր էլ որոշակի փոփոխություններով կիրառվում է, Մամուլյանի խոսքով, տարեհացն է։ Հացի խմորի մեջ տանտիկինը մետաղադրամ էր դնում, և ում բաժնի մեջ այն ընկնում էր, համարվում էր, որ տարին նրա համար ամենահաջողակն է լինելու։
Ավանդական կերակրատեսակներից էր նաև «քաշիկան»։ Սեդրակ Մամուլյանի խոսքով, այն շատ նման է հանրածանոթ հարիսային, բայց որոշ կարևոր տարբերությամբ։
«Բաղադրությունը ոչնչով չի տարբերվում հարիսայից` ձավար, հավի կամ գառան միս։ Բայց տարբերվում էր պատրաստման եղանակով։ Քաշիկան երեկոյան դրվում էր թոնիրը, առավոտյան այն արդեն պատրաստ էր»,- ասում է Մամուլյանը` հավելելով, որ ի տարբերություն հարիսայի, քաշիկան խառնել չէր կարելի։
Ամանորին շատ տարածված էր նաև փոքրիկ խմորեղեններ` «ասիլիկ-վասիլիկներ» պատրաստելու ավանդույթը։ Դրանց միջոցով նաև գուշակում էին, թե ինչ կբերի հաջորդ տարին։
Խմորին կենդանիների, մարդկանց, տարբեր առարկաների տեսք էին տալիս ու թխելիս հետևում, թե ինչ փոփոխությունների է ենթարկվում այն։
«Օրինակ, եթե տանը նորահարս կար, խմորներից մեկին հարսի տեսք էին տալիս։ Ու եթե թխվելիս «հարսի» փորն ուռչում էր, հավատում էին, որ գալիք տարում նա երեխա է ունենալու»,- ասում է Մամուլյանը։
Ծիսական տիկնիկներն ընդունված էր թխել Ամանորի նախօրեին։ Ընտանիքը հավաքվում էր ու խմորեղենը վայելելուց զատ նաև գուշակում` ինչ է հուշում այս կամ այն պատկերը։
Օրինակ, եթե քսակի տեսքով ասիլիկ-վասիլիկն ուռչում էր, տարին առատ ու հարուստ էր լինելու։ Իսկ եթե խմորը չբարձրանար, հակառակը։
Մոռացված հայկական ավանդական կերակրատեսակ է նաև անուշապուրը։ Այն պատրաստում էին, որպեսզի նոր եկող տարին անուշ լինի։
Դա չրերից եռացող ջրում պատրաստվող ապուր է, որի մեջ նաև ձավար կամ սպանախ է դրվում։
Այս հետաքրքիր ավանդույթները վերականգնելու ու դրանցով ընտանիքի անդամներին ու հյուրերին զարմացնելու որևէ խոչընդոտ, Սեդրակ Մամուլյանի համոզմամբ, չկա։ Արտերկրից ներմուծված մոդայիկ, բայց օտար սովորույթների փոխարեն նա կոչ է անում նոր կյանք տալ մոռացության մատնված հայկական տոնածիսական կերակուրներին ու ավանդույթներին ։
Իսկ ծիսական ու խորհրդանշական կերակուրների կողքին Մամուլյանը խորհուրդ է տալիս տոնական սեղանին նաև լցոնած հավ, հնդկահավ կամ նույնիսկ գառ դնել, որն, ի դեպ, ևս հին հայկական կերակրատեսակ է և պատրաստվում էր թոնրի մեջ։
Իսկ լցոնը կարելի է պատրաստել չրով, մրգերով, բրնձով և համեմել կոնյակով։
Հին ու նոր կերակուրների համադրությամբ ձևավորված սեղանը խոհարարի համոզմամբ, լավագույնն է` դրա շուրջ ջերմ ու ուրախ մթնոլորտ ապահովելու համար։