Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան
Եթե С-400-ի հետ կապված արկածախնդրությունը հաջողվի, ապա կշահի Ռուսաստանը
Ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու գաղափարը ՆԱՏՕ-ի հրամանատարությանը ստիպել է լրջորեն մտահոգվել:
Անկարան ի՞նչ է անելու համակարգերը, որոնք նախատեսված են բացառապես այն կործանիչների դեմ պայքարելու համար (ամերիկյան արտադրության), որոնցով զինված է թուրքական բանակը։ Այս առումով գործարքն այնքան էլ հասկանալի չէ:
Բայց կասկածներ կան, որ ոչ թե գնման փաստն է կարևոր, այլ դրան ուղեկցող աղմուկը: Ու նաև կարևոր են հենց այն արտոնությունները, այն միավորները, որոնք Թուրքիան հավաքեց ՆԱՏՕ-ի ու ընդհանրապես արևմտյան դաշնակիցների հրամանատարության հետ բանակցություններում:
Ստեղծված իրավիճակն ամեն դեպքում ձեռնտու է Ռուսաստանին։ Եթե ՆԱՏՕ-ի գեներալներն անհանգստանան, որ Թուրքիան այսուհետև կարող է կործանել ամերիկյան F 16-ը, լավ է: Եթե արևմտյան արտադրողները նյարդայնանան, որ գումարները վատնում են, ավելի լավ, թող նյարդայնանան:
Իսկ եթե գործարքն իսկապես հաջողվի, շատ ավելի լավ: Այդպիսի ահռելի գումարը կատակ բան չէ նույնիսկ Ռուսաստանի Դաշնության համար:
Իսկ եթե չստացվի, ապա լավ է գոնե թեկուզ այն պատճառով, որ Թուրքիան, Արևմուտքի հետ այդ խաղը վարելիս, գոնե Սիրիայի հարցում արել է հենց այն, ինչ Ռուսաստանին ու Իրանին էր հարկավոր: Խոսքն առաջին հերթին Իդլիբի շուրջ ամենավտանգավոր դեէսկալացիոն գոտու մասին է, որտեղ կենտրոնացած է գրոհայինների այն խումբը, որոնց հետ միայն Անկարան է կարողանում ընդհանուր լեզու գտնել (քանի որ այս տարիների ընթացքում հենց ինքն է ֆինանսավորել ու «թիկունք կանգնել» նրանց):
Էրդողանն ակնհայտորեն պարտվել է Սիրիայի հարցում
Ինչ վերաբերում է Սիրիայի հարցում հենց Թուրքիայի դիրքորոշմանը, ապա այստեղ, ամենայն հավանականությամբ, պետք է անընդհատ զգոն լինել, քանի որ չնայած Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունների բացասական դինամիկային, միջազգային քաղաքական ասպարեզում թուրքերի պահվածքը ստիպում է մտածել, որ նրանք ցանկացած պահի կարող են պոչը տնկել ու բարիկադից այն կողմ անցնել:
Էրդողանի` վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ Բաշար Ասադը ահաբեկիչ է և ոչնչացրել է իր ավելի քան մեկ միլիոն հայրենակիցներին, ու որ Սիրիայում խաղաղություն կլինի միայն այն ժամանակ, երբ Ասադի ընտանիքը հեռանա, հավանաբար Կրեմլում ոմանց դուր չի եկել:
Ամեն դեպքում Թուրքիան նշան է ստացել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից, ու խոսքը միայն ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մասին չէ, որը հետևյալ կերպ է արտահայտվել. «Ինչ վերաբերում է նրան, որ Թուրքիայի նախագահը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ահաբեկիչ է անվանել, ապա Սիրիայի կառավարության ներկայացուցիչները ՄԱԿ-ում են գտնվում ու ներկայացնում են Սիրիայի կառավարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, դրա համար միայն դա, նույնիսկ առանց ավելորդ գնահատականների ու փաստարկների ոչ մի իրավական հիմք չունի»։
Ռուս փորձագետները համոզված են, որ Թուրքիայի նախագահի ագրեսիվ ճարտասանությունը կապված է այն բանի հետ, որ սիրիական կադրային ստորաբաժանումները Սիրիայում մնացած ռուսական ՌՏՈՒ-ի աջակցությամբ հիմա հարձակում են կազմակերպում հենց Իդլիբի շուրջ կենտրոնացած թուրքամետ խմբավորումների ու Ջեբհաթ ան-Նուրսայի (արգելված է մի շարք երկրներում, այդ թվում նաև՝ Ռուսաստանում) խոշոր ուժերի վրա:
Սակայն ամեն դեպքում պետք է վերջ տալ այս խմբավորմանը, որն իրեն «չափավոր ընդդիմություն»՚ է անվանում ու անկարգություններ է կազմակերպում «բռնակալ» Ասադի դեմ պայքարի կարգախոսով:
Մինչ այժմ Դամասկոսի հիմնական ուժերը ստիպված էին ջանքերը կենտրոնացնել «Իսլամական պետության» դեմ պայքարի վրա, մյուսների ժամանակը չէր: Այն Եվ ահա Թուրքիան պետք եկավ, որովհետև զսպում էր իր սաներին: Սակայն «Իսլամական պետությունը», ինչպես ասում են, հեռացավ, ու հիմա Սիրիայի օրինական իշխանությունների ձեռքերը հասան արդեն նաև այլ ահաբեկչական խմբավորումներին:
Հավանաբար, այդ առումով կարելի է համարել, որ Էրդողանը պարտվել է, սխալ է հաշվարկել իր ուժերն ու հիմա քաղաքական մարտում լուրջ կորուստներ կտանի: Այն բանից հետո, երբ մարտի դաշտում վերացվեն տարատեսակ նուրսաները:
Հորիզոնում նոր թշնամի է երևում
Իսկ ինչ վերաբերում է ռուսական գազատարին, կառուցվող «Ակույու» ատոմակայանին, լոլիկի արտահանմանն ու Անթալիայի լողափեր վերադարձող զբոսաշրջիկներին, ապա այստեղ Անկարան, ի պատասխան Սիրիայում կրած պարտության, չի կարող որևէ բան հակադրել Մոսկվային:
Թուրքիայի տնտեսությունն, ասես, ապրում է հենց զբոսաշրջային «սնուցումով» ու գյուղատնտեսական ապրանքները ռուսական շուկա մատակարարելով։ Ավելին՝ ռուսական պատժամիջոցների պատճառով գրանցված անկումից հետ նույնիսկ մի փոքր՝ մոտ տասը տոկոսանոց տնտեսական աճ է նկատվում։
Դրան գումարած` պետք չէ մոռանալ, որ Սիրիայի ճգնաժամն ուզում է կարգավորել ոչ միայն Թուրքիան: Այնտեղ նշանավոր խաղացող կա՝ Իրանը, որը ոչ մի դեպքում Թուրքիային թույլ չի հենց բուն Սիրիայի տարածքում որևէ կտրուկ շարժում անել:
Այդ պատճառով էլ Անկարան քաղաքական ասպարեզում պտտվում է, ասես մեղավորը թավայի մեջ, փորձելով գրավել Վաշինգտոնի պաշտոնյաների ուշադրությունը: Որպեսզի հարմար պահի դիրքը փոխի, ինչը Թուրքիայի համար շատ բնորոշ վարվելակերպ է:
Միայն թե այս անգամ, ասես, Էրդողանի մոտ ոչինչ չի ստացվի, քանի որ նրան վաղուց բարկացնող Ֆեթուլլահ Գյուլենին աջակցության է եկել Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը, որը վերջերս սկսել է կտրուկ քննադատել գործող նախագահի քաղաքականությունը:
Չի բացառվում, որ Կենտրոնական հետախուզական վարչության վերլուծաբանները պահեստային խաղաքարտերի միջից հենց նրան են ընտրել, երբ համարել են, որ ժամանակն է հարվածել Էրդողանին ուղիղ նշանառությամբ: Ամեն դեպքում արդեն կարելի է ենթադրել, որ Թուրքիային ու բուն Էրդողանին ծանր տարի է սպասում: Արդյո՞ք Թուրքիայի նախագահը կդիմանա դրան: