ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Գեղարքունիքի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ վտանգավոր է համարել ՀՀ գործող իշխանությունների քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ:
«Մի օր որ համբերությունից դուրս գա (ՌԴ-ն–խմբ.), ասի՝ գնացեք ԵԱՏՄ–ից, ես չգիտեմ` ինչ ենք անելու»,– ասաց նա` քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ։
Նա հիշեցրեց, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնչեցրած սպառնալիքները և ՀՀ իշխանությունների քայլերը կարող են խնդիրներ առաջացնել։
Հիշեցնենք, որ Զելենսկին, մասնավորապես, Երևանում հայտարարել էր, թե «ուկրաինական դրոնները կարող են անցնել Մոսկվայի շքերթի վրայով»։
Մայիսի 7-ին հայտնի դարձավ, որ ՌԴ–ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։ Նրան ասվել է, որ անընդունելի է ԵՄ հովանու ներքո անցկացվող վերջերս տեղի ունեցած միջոցառումների շրջանակում Վլադիմիր Զելենսկուն «ամբիոն» տրամադրելը՝ Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հայկական իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծում: Նրա խոսքով՝ նման սցենարը քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Հայաստանի համար: