ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Կոմպոզիտոր Արա Գևորգյանի «1000 դհոլ» նախագծի շրջանակում այսօր տեսահոլովակ է նկարահանվել Արարատ լեռան ֆոնին։
Նկարահանումներն ընթացել են վաղ առավոտից Աշտարակից Եղվարդ տանող մայրուղու աջակողմյան հատվածում։
ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանն այս տարվա տարվա ապրիլին հայտարարել էր, որ տեսահոլովակի նկարահանում ու ձայնագրում է լինելու` նպատակ ունենալով այս նախագիծը գրանցել WDPO համաշխարհային ռեկորդների գրքում։
Այս նախագծին հիմնականում մասնակցել են 10 տարեկանից բարձր երեխաներ։ Նախագծի ռեժիսորն էր Վահե Յանը։
Ի դեպ, «1000 դհոլ» նախագիծը սկզբում նախատեսված էր անցկացնել Երևանի էրեբունի թանգարանի տարածքում, իսկ ապա որոշվել է այն տեղափոխել։
Նախագծի շրջանակում հնչել է 3 ստեղծագործություն, որոնցից մեկը եղել է Կոմիտաս, ևս մեկը` հենց Արա Գևորգյանի ստեղծագործություններից։
Նշենք, որ սա Արա Գևորգյանի 4–րդ ռեկորդը կարող է լինել, որ կգրանցվի WDPO համաշխարհային ռեկորդների գրքում։
Նախորդ 3 ռեկորդներն էին` «Երևան» տեսահոլովակը՝ միաժամանակ 200 քանոնահարների մասնակցությամբ կատարման համար, Ջիվան Գասպարյանի 90–ամյակին նվիրված միջոցառմանը բեմահարթակին միանգամից 112 դուդուկահարների կատարումը և աշխարհում գոյություն չունեցող երաժշտական գործիք 5 բաս–քանոնի ստեղծումը։