ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը Մոսկվայում Հաղթանակի շքերթին:
«Մենք այդ միջոցառումներին հատուկ որևէ ոչ մեկին չենք հրավիրել։ Դրանք հոբելյանական միջոցառումներ չեն։ Պարզապես տեղեկություն ենք փոխանցել, որ ուրախ կլինենք, եթե ինչ-որ մեկը գա, մենք որևէ մեկին չենք արգելում գալ։ Պաշտոնական հրավերներ չեն եղել, դրա համար էլ տարբեր երկրների ներկայացուցիչների՝ մեր բարի հարևանների, գործընկերների և ընկերների բացակայությունն արտասովոր չէ»,- հայտարարել է Պուտինը։
Նրա խոսքով՝ այն առաջնորդները, որոնք, այնուամենայնիվ, ժամանել են Մոսկվա, որոշակի չափով նաև անձնական խիզախություն են ցուցաբերել։ Նրանք գալու որոշում են կայացրել եռօրյա հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություններից առաջ։ Սա, Պուտինի գնահատմամբ, հարգանքի է արժանի։
Միևնույն ժամանակ Պուտինն ընդգծել է, որ Կրեմլում արտասովոր չեն համարում արտասահմանյան առանձին առաջնորդների բացակայությունը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 1-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին՝ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական քարոզարշավի պատճառով: Հիշեցնենք, որ 2025 թվականին Փաշինյանը ներկա էր Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին։