ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել, հաջորդ փուլի մասին պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Բանակցությունների մասին ոչ ոք չի խոսել, առայժմ դադար է վերցվել, և հաջորդ փուլի մասին պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել», - նշել է նա:
Ուշակովն ընդգծել է, որ ուկրաինական կողմը գիտի, թե ինչ է պետք անել, որպեսզի բանակցությունների հաջորդ փուլը հաջող լինի:
Նա նշել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի շփումներն ակտիվացել են Կիևի սպառնալիքների և հնարավոր պատասխանի մասին Ռուսաստանի նախազգուշացման ֆոնին, ինչի արդյունքում ձեռք է բերվել հրադադարի մասին պայմանավորվածություն: Համաշխարհային մայրաքաղաքների մեծ մասում, նրա խոսքով, ըմբռնումով են մոտեցել Մոսկվայի նախազգուշացումներին։
Հիշեցնենք` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին: Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Բանակցությունների երկրորդ օրվա արդյունքներով նա նշել էր, որ քննարկումները ծանր էին, բայց գործնական: Մարտի վերջին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնեց, որ ԱՄՆ-ն մի շարք հետաքրքիր առաջարկներ է ներկայացրել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: