«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիքի մարզի Կապան համայնքի Բաղաբուրջի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել հայ բոլոր նահատակների հիշատակին: Նա տեսանյութ է հրապարակել սոցցանցային էջերում։
«Հարգանքի տուրք մեր բոլոր նահատակներին»,- գրել է վարչապետը։
Բաղաբուրջի հուշահամալիրը բաղկացած է չորս հարթակից։ Առաջին հարթակում տեղադրված է Հայոց ցեղասպանության, ինչպես նաև 1988 թվականի Սումգայիթի և Բաքվի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը։ Երկրորդ հարթակում գտնվում է Արցախյան ազատամարտում զոհված կապանցի հայորդիների եղբայրական գերեզմանոցը, որը կառուցվել է 1992–1994 թվականներին։ Երրորդ հարթակը համալիրի հիշատակի և խոնարհման խորհրդանշական հատվածն է, որտեղ ամբողջացվում է հուշահամալիրի գաղափարական ու հոգևոր միջավայրը։ Չորրորդ հարթակում Երկրորդ աշխարհամարտի զոհերին նվիրված հուշարձանն է։
Հիշեցնենք` տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։