Փաշինյանը Կապանում ավելի քան 20 անգամ կրկնեց նույն միտքը, հետո ելույթ ունեցավ վարչաբենդը

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակեց Սյունիքում։
Sputnik
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Կապանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց, թե ումից է կախված պետության և ապագայի ճակատագիրը։
Նա կրկնեց «պատերազմի եռագլուխ կուսակցության» մասին իր պնդումները և հայտարարեց, թե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ուղիղ ձևերով ներգրավված են նախընտրական գործընթացներին:
«Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, նաև «կալուգացի օլիգարխը» դուրս են եկել վերջին մարտի, որ ձեզնից խլեն ձեզ պատկանող իշխանությունը, բայց ես համոզված եմ՝ դուք դա թույլ չեք տալու։ Որովհետև ես չեմ կարող հավատալ, որ դուք ձեզ պատկանող իշխանությունը կզիջեք քրեաօլիգարխիկ ռեժիմի, որը ջախջախված է և դուրս է եկել հուսահատ մարտի՝ փրփուրներից կախվելով։ Բայց նրանք չեն կարողանալու բռնվել փրփուրներից, որովհետև ժողովրդական իշխանությունն ի վերջո նրանց բերելու է պատասխանատվության․․․ Պետության և ապագայի ճակատագիրը կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը «Եվ այդ մեկ մարդը դու ես» նախադասությունը կրկնեց ավելի քան 20 անգամ։ Դրանից հետո ելույթ ունեցավ վարչաբենդը՝ երկու երգ կատարելով։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։