Երևանում մեկնարկեց «Անմահ գունդ» հայրենակցական հասարակական կազմակերպության ամենամյա երթը։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և այլ դիվանագետներ մինչ այդ ներկա գտնվեցին Կոմիտասի պողոտայում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին:
Տեր Զգոն քահանա Աբրահամյանը իր խոսքում ընդգծեց, որ յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում քրտնաջան աշխատանքի և զոհաբերության շնորհիվ, ուստի կարևոր է հիշել անցյալը՝ նրանց, ովքեր ընկան հայրենիքի համար մարտերում։ Քրիստոնեական ուսմունքում զոհաբերությունները կատարվում են ընդհանուր բարիքի, կյանքի շարունակության համար, նշել է նա՝ օրհնելով բոլոր նրանց, ովքեր մայիսի 9-ին եկեղեցի էին եկել։
Պատարագից հետո «Անմահ գնդի» երթը շարժվեց դեպի «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ։
Պատարագից հետո «Անմահ գնդի» երթը շարժվեց դեպի «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ։
Բազմամարդ երթի մասնակիցները տանում են իրենց հայրերի, պապերի, պատերազմի հերոսների լուսանկարները, Հայաստանի և Ռուսաստանի դրոշներն ու Գեորգիևյան ժապավենը։
Երթի մասնակիցները շեշտում են՝ այս օրը հիշելը շատ կարևոր է, որովհետև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը կերտվել է մեծ զոհողությունների գնով։ Կարծում են՝ այս խորհուրդը պետք է երիտասարդներին էլ փոխանցել, որպեսզի նրանք սովորեն, թե ինչպես պետք է պաշտպանել հայրենիքը։
Հավելենք, որ այսօր Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի 27 վետերան: Նրանց մեծ մասը չի կարողացել մասնակցել երթին առողջական խնդիրների պատճառով։
Հիշեցնենք` այսօր` մայիսի 9-ին, լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակը։ Մեծ Հայրենականին Հայկական ԽՍՀ-ից ռազմաճակատ է մեկնել մոտ 300 հազար մարդ` բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։ Հայաստանը տվել է ԽՍՀՄ 107 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։ Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։