ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործի շրջանակում ՀՀ քննչական կոմիտեից պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Երեկ` մայիսի 7-ին, տեղեկացրել էինք, որ պաշտոններից ազատվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը։
«Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանն ազատվել են պաշտոններից»,- ասաց Ավդալյանը:
Հիշեցնենք` փետրվարի սկզբին Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել: Անառակաբարո գործողությունների մեջ կասկածվողները` Արթուր Երեմյանն ու Դավիթ Այնազյանը, Վեդիի բնակիչներ են, որոնցից մեկը 58 տարեկան է, մյուսը` 65։ Նրանք կալանավորված են։