Սահմանադրության փոփոխված տեքստը ոչ ոք չի տեսել, Փաշինյանը ժամանակ չունի. ԶԼՄ

Սրբուհի Գալյանը դեռ 1,5 ամիս առաջ արդեն հայտարարում էր՝ տեքստը պատրաստ է, բայց Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը գրեթե մեկ ամիս է՝ նիստեր չի գումարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Սահմանադրության փոփոխված տեքստը ոչ ոք չի տեսել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է՝ ժամանակ չունի: Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը գրեթե մեկ ամիս է՝ նիստեր չի գումարել։ Ըստ արդարադատության նախարարության՝ վերջին նիստը տեղի է ունեցել ապրիլի 1-ին, նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ քննարկվել են գործադիր իշխանությանը վերաբերող կարգավորումները, ինչպես նաև սահմանադրության ընդունման կարգի փոփոխության և հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները։
«Նիստից մոտ 10 օր առաջ էլ Գալյանը հայտարարեց, որ տեքստն արդեն պատրաստ է, այն կուղարկվի ՔՊ վարչության քննարկմանը։ Թե ինչ կապ ունի իշխող կուսակցությունը ՀՀ սահմանադրության նախագծի հետ, պարզ չէ, բայց, այնուամենայնիվ, ՔՊ վարչությունում սահմանադրության տեքստը չեն քննարկել և անգամ չեն տեսել: Փաշինյանն ասել է, որ դրա ժամանակը չէ` ընտրություններից հետո կանդրադառնան»,- գրում է թերթը:
Ըստ պարբերականի՝ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը նույնպես որեւէ պատրաստի տեքստ չի տեսել:
Խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը թերթին ասել է, որ հավանաբար, նախընտրական ծանրաբեռնվածության պատճառով նիստերը չեն կայանում:
«Հրապարակի» ՔՊ-ական աղբյուրները չեն թաքցրել՝ իշխանությունները սպասում են ընտրությունների արդյունքներին, որից կախված կլինի՝ հնարավո՞ր է հանրաքվե անել, թե՝ ոչ:
Տեքստը հանրաքվեի դնելու համար ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն է հարկավոր կամ էլ համաձայնություն կոալիցիոն գործընկերների հետ։
Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Միաժամանակ վարչապետը հավելեց, որ իր թիմում կարծիք է հնչում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ հանրաքվե անցկացնելու նպատակահարմարության մասին։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։
Անկախ քաղաքական տարաձայնություններից` պետք է պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՀՅԴ
Ադրբեջանն իր հերթին համառորեն պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:
Հավելենք` ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում է արված ՀՀ Անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագրում ամրագրված է, որ այն հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։