Փաշինյանը խոստացավ մայիսի 28–ին ցույց տալ ֆրանսիական զենքը

Փաշինյանը պատասխանել է հարցին, թե թե ինչ էական բան է արել Էմանուել Մակրոնը հայաստանի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի–Sputnik. Մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում կցուցադրվի Ֆրանսիայից ստացած զենքը: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում` պատասխանելով հարցին, թե ինչ էական բան է արել Էմանուել Մակրոնը Հայաստանի համար։
«Ինչի՞ պատմեմ, ցույց կտամ... հուսով եմ` մայիսի 28-ին Երևանում կլինեք, տեղ գնացած չեք լինի, տեսախցիկները փչացած չեն լինի, հոսանքը անջատված չի լինի, Առինջում մեծ ու կարևոր միջոցառում չի լինի, կգաք, կտեսնեք»,– ասաց նա։
Նշենք, որ սպառազինության ցուցադրությունը նախատեսվում է մայիսի 28-ին Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ։
Հայաստանը վերջին տարիներին Ֆրանսիայի հետ մի քանի պայմանագիր է ստորագրել սպառազինությունների գնման վերաբերյալ։ Ձեռք է բերվել Caesar ինքնագնաց հաուբիցներ, դյուրակիր ԶՀՀ-ներ, ռադարներ, «Բաստիոն» զրահամեքենաներ և այլն:
Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը Հայաստան է ժամանել մայիսի 3-ին՝ մասնակցելու Եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Դրանից հետո մեկնարկել է նրա պետական այցը Հայաստանի Հանրապետություն:
Ֆրանսիայի նախագահը զբոսնել է Երևանում, հասցրել 2 անգամ առավոտյան վազել Կենտրոն վարչական շրջանում, այցելել Ծիծեռնակաբերդ և Մատենադարան։ Մայիսի 5–ն էլ նա մեկնել է Գյումրի։