Փաշինյանը կառավարության մեծ մասի հետ արձակուրդ է վերցնում քարոզարշավին մասնակցելու համար

ՀՀ վարչապետը համոզված է, որ բոլոր նախադրյալները կան, որ ընտրությունները կանցնեն պատշաճ մակարդակով և ժողովրդավարության բոլոր կանոններին համապատասխան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մեծ մասի հետ վաղվանից մեկնում է արձակուրդ՝ հունիսի 7–ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար։ Այս մասին նա այսօր տեղեկացրեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
«Մեր ամենամեծ առաջնահերթությունը խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության միջազգային ստանդարտներին համապատասխան անցկացնելն է` ապահովելու ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը և բացառելու ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցությունները»,– հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա` մինչ այս պահը իրավապահ մարմիններն ահռելի աշխատանք են կատարել, սակայն պետք է զգոնությունը չթուլացվի, որպեսզի բացառվեն ընտրակաշառքների և այլ ապօրինի միջոցների ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա։
«2021 թվականին մենք կարողացել ենք այդ պայմաններում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնել։ Բնականաբար, մենք հիմա առավել քան վստահ ենք, որ դա կարող ենք անել, և անպայման դա կանենք»,– ընդգծեց վարչապետը։
Փաշինյանը խոստացավ մայիսի 28–ին ցույց տալ ֆրանսիական զենքը
Նրա խոսքով` Հայաստանում վաղուց փակված են դահլիճների, հրապարակների հասանելիության հետ կապված խնդիրները, և եթե նման նման խնդիր որևէ մեկին հայտնի է, ապա, այդ խնդիրները, ըստ նրա, կլուծվեն։
Փաշինյանը համոզված է, որ բոլոր նախադրյալները կան, որ ընտրությունները կանցնեն պատշաճ մակարդակով և ժողովրդավարության բոլոր կանոններին համապատասխան։
ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ ԿԸՀ–ն առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից, որոնցից 2-ը դաշինք են, 17-ը՝ կուսակցություն։
ԿԸՀ–ն Վարդան Ղուկասյանին և Տիգրան Ուրիխանյանին չգրանցեց ընտրական ցուցակներում