ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Թեպետ գործող իշխանությունն անընդհատ խոսում էգալիք ընտրություններին օտարերկրյա միջամտությունը բացառելու մասին, այս օրերին մենք հենց դրա ականատեսն ենք լինում։ Այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` ԱԺ-ում ողջունելով Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսին, որը պաշտոնական այցով մեր երկիր է ժամանել և ԱԺ նիստին ներկա էր՝ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի կողքին նստած։
Մինասյանը ողջունեց Լատվիայի նախագահի այցը Հայաստան ու միաժամանակ մեղադրեց եվրոպացի առաջնորդներին նախընտրական այս շրջանում օտարերկրյա միջամտության, ուղիղ, թիրախավորված ձևով ոչ թե Հայաստանին, այլ Հայաստանում գործող իշխանությանը աջակցելու համար։
«Թող բոլորն իմանան, թե ինչպես է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, օգտագործում օտարերկրյա ուժերը սեփական աթոռը և իշխանությունը պահելու համար»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Երևանում ՀՀ նախագահական նստավայրում Փաշինյան–Մակրոն համատեղ ճեպազրույցի ժամանակ, ըստ էության, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունեց, որ բացահայտ աջակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Օտարերկրյա լրագրողներից մեկը հարցրեց` Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ Մակրոնի բացահայտ աջակցությունը Փաշինյանին միջամտություն չէ՞ ընտրությունների գործընթացին։ Մակրոնն էլ հայտարարեց, թե միջամտություններն այն քայլերն են, որոնք փորձում են մանիպուլացնել ժողովրդին ժողովրդավարական երկրում։ Ինքն անում է այն, ինչ արել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին աջակցելով։ Հայտարարեց, թե այն, ինչ ինքն անում է, «բաց դեմքով միջամտություն է, մինչդեռ կան այլ միջամտություններ՝ օտարերկրյա գործակալների միջոցով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը»։