ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տվյալներով` այս տարվ ապրիլին 2025 թ. ապրիլի համեմատ զբոսաշրջային հոսքերն աճել են 39 տոկոսով։ Այս մասին նա հայտարարեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ` նշելով, որ զբոսաշրջության ոլորտում զարմանալի բաներ են տեղի ունենում։
Փաշինյանը ներկայացրեց նաև 2026 թ. հունվար–ապրիլ ամիսների տվյալները (2025 թ. նույն ժամանակահատվածի համեմատ), ըստ որոնց` 34 տոկոսի աճ է եղել։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պարզաբանեց` նշելով, որ այս տվյալները վերցնում են սահմանահատումներից։
«Մենք զբոսաշրջիկների թիվը հաշվում ենք այնպես, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում։ Ըստ այդմ` անգամ երկու օր Հայաստանում անցկացրած վարորդը համարվում է զբոսաշրջիկ»,– տեղեկացրեց նախարարը։
Նա նաև նշեց` եթե 2023 թ. հունվար–ապրիլ ամիսների տվյալներով ընդհանուր զբոսաշրջիկների մեջ Ռուսաստանից եկածները կազմել են 52 տոկոս, ապա այս տարի այս թիվը կազմել է 36 տոկոս։
«Ռուսաստանից եկողների դեպքում թե՛ 2025 թվականին, թե՛ այս տարի նույն տոկոսն ենք պահպանել, սակայն ընդհանուր հոսքերն ավելացել են։ Եթե անցած տարի Ռուսաստանից եկել է 183 700 զբոսաշրջիկ, ապա այս տարի 245 178 զբոսաշրջիկ»,– ասաց Պապոյանը։
Փաշինյանն ուրախությամբ ավելացրեց, որ «Ինստագրամի» և «ՏիկՏոկի» էջերին հետևող ռուսաստանցիները մեկնաբանություններում խոստացել են, որ այս տարի այցելելու են Հայաստան։
«Մենք զբոսաշրջային բում ունենք, որը շարունակելու է աճել, քանի որ կան բոլոր նախադրյալները»,– վստահեցրեց վարչապետը։
Պապոյանը շարունակեց ներկայացնել իր ունեցած վիճակագարությունը` նշելով, որ զբոսաշրջիկների թիվն ավելացել է նաև Հնդկաստանից, Ֆրանսիայյից, Իտալիայից, ԱՄՆ–ից, Չինաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից, Իրանից, Վրաստանից և այլն։