«Delfi» գործակալությունը, հղում կատարելով պետական հրշեջ-փրկարարական ծառայությանը, հայտնում է, որ Լատվիայի տարածք կրկին անօդաչու թռչող սարքեր են մտել. այս անգամ դրանցից մեկն ընկել է երկրի արևելյան Ռեզեկնե քաղաքի նավթաբազայի տարածքում, երկրորդի ընկնոլու վայրը հստակեցվում է:
«Ռեզեկնեում՝ «SIA East-West Transit» նավթապահեստարանի մասնաճյուղի տարածքում, հայտնաբերվել է ընկած անօդաչու թռչող սարք։ Վնասվել են չորս ռեզերվուարներ, որոնցում այդ պահին նավթամթերք չկար», - ասվում է հաղորդագրության մեջ։
Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը հավանական է համարել, որ դրոնները կարող էին Ուկրաինայի տարածքից արձակվել դեպի Ռուսաստանի թիրախներ, սակայն ընդգծել է, որ «դրանք միայն նախնական ենթադրություններ են»:
«Baltnews»-ի փոխանցմամբ` Լատվիայի իշխանությունները որոշել են չհայտնել Հանրապետությունը գրոհած ԱԹՍ-ների պետական պատկանելության մասին՝ որոշելով նախ քննարկել իրավիճակը «ճգնաժամերի կառավարման նիստում»: Լրատվականը ճշտում է, որ ավելի վաղ մի շարք տելեգրամյան ալիքներում տեղեկություններ են տարածվել գնացքի վրա դրոնների իբր ընկնելու մասին, և որպես ապացույց հրապարակվում է այրվող լոկոմոտիվի տեսանյութը:
2026 թվականի մարտի 25-ին ուկրաինական հեռահար կամիկաձե դրոնները մտել են Լատվիայի տարածք։ Որևէ հստակ արձագանքը պաշտոնական Ռիգայից այդպես էլ չի հնչել։ Հաղորդվել է նաև Լիտվայում և Էստոնիայում ոչնչացված ուկրաինական ԱԹՍ-ների մասին: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Բալթյան երկրների տարածք ավելի ու ավելի հաճախ են սկսել մտնել անօդաչու թռչող սարքեր, ենթադրաբար՝ ուկրաինական: Ավելի ուշ համատեղ հայտարարության մեջ Բալթյան երկրների արտգործնախարարները հերքել են ՌԴ-ի վրա հարձակվելու համար իրենց օդային տարածքն Ուկրաինային տրամադրելը։