Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները

Ավելի խիստ կվերահսկվի հավանական հակառակորդներին կամ ահաբեկչական խմբավորումներին զենքի մատակարարումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Հայաստանի կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները: Ռազմական նշանակության ապրանքների արտաքին առևտրի լիցենզավորման կարգում համապատասխան լրացումներն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում:
Մասնավորապես, պետանվտանգության մարմինները կարող են մերժել պաշտպանական ձեռնարկություններին արտահանման կամ վերավաճառքի լիցենզիայի տրամադրումը, եթե նրանց առևտուրը Հայաստանի անվտանգության կամ շահերի համար ռիսկեր է պարունակում։
Ինչպես նշվում է որոշման հիմնավորման մեջ, նման ուղղումն ընդունվում է՝ հնարավորինս բացառելու ռազմական նշանակության ապրանքների վաճառքը (այդ թվում՝ միջնորդավորված) Հայաստանի և նրա դաշնակիցների պոտենցիալ հակառակորդներին, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումներին:
Նշենք, որ 2025 թվականի հաշվետու ժողովում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ հայկական պաշտպանական ձեռնարկությունները սկսել են արտահանման լիցենզիաներ ստանալ։