ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Արաքս գետի ողողահունում ավազի արդյունահանումը կիրականացվի տիպային նախագծին համապատասխան, որի համար կկառուցվի նստեցման կայան (պարզարան)։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Նպատակն է ունենալ գիտականորեն հիմնավորված և տեխնիկապես հագեցած գետաողողատային տիպի հանքավայրերի շահագործման տիպային նախագծի օրինակելի ձև, որը թույլ կտա Արաքս գետի ողողահունում ավազի արդյունահանումն իրականացնել տիպային նախագծին համապատասխան: Սա հնարավորություն կտա դիտարկել շինարարական ավազի պահանջարկի բավարարման այլընտրանքային և կանոնակարգված տարբերակներ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Որոշման մեջ նշվում է, որ ներկայում հանրապետությունում շինարարական ծավալների կտրուկ աճին զուգահեռ էականորեն մեծացել է որակյալ շինարարական ավազի պահանջարկը:
Նշվում է նաև, որ սահմանային Արաքս գետի ընդարձակ ողողահունում մշտապես ընթանում են հունային ձևափոխություններ և այս իրավիճակում առաջնային խնդիր է հանդիսանում ոչ միայն ավազի արդյունահանումը, այլև գետի հունի կայունության ապահովումը։
Կառավարությունից հավաստիացնում են, որ տիպային նախագծի առկայությունը հնարավորություն կստեղծի կանխարգելելու ոռոգելի հողատարածքների ավազակալումը, ինչը էական նշանակություն կունենա գյուղատնտեսական հողերի բերրիության պահպանման և ջրային համակարգերի անխափան աշխատանքի համար:
Ծրագրերի իրականացման համար կպահանջվի 25,2 մլն դրամ, որը կհատկացվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` «ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարում» միջոցառումից վերաբաշխում կատարելով։
Այս ծրագրից վերաբաշխում կատարելը պայմանավորված է նոր ընկերության դեռևս ձևավորված չլինելու հանգամանքով։