«Ալարդինսկայա» հանքավայրում ծխահարում է գրանցվել. տարհանվել է 132 հանքափոր

Նախնական տվյալներով՝ պատճառը կարող էր լինել մալուխային արտադրանքի բռնկումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Կեմերովոյի մարզի Կալտան քաղաքային շրջանի «Ալարդինսկայա» հանքահորում ծխահարում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության, քննչական կոմիտեի և դատախազության մարզային մարմինները:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ծխահարման պահին գետնի տակ եղել է 132 մարդ։ Ռազմականացված լեռնափրկարարական ջոկատի և պատկան ծառայությունների աշխատակիցներն օպերատիվ կազմակերպել են տարհանում, բոլոր հանքափորները դուրս են բերվել հանքահորից, տուժածներ չկան:
Նախնական տվյալներով՝ պատճառը կարող էր լինել մալուխային արտադրանքի բռնկումը։ Հաղորդվում է նաև, որ սարքերը արձանագրել են շմոլ գազի թույլատրելի մակարդակի գերազանցում:
Փաստի առթիվ ստուգումներ են սկսվել։ Կեմերովոյի մարզային դատախազությունը կազմակերպել է արդյունաբերական անվտանգության պահանջներին համապատասխանության ստուգում, իսկ քննչական մարմինները նախաքննական ստուգում են անցկացնում վտանգավոր արտադրական օբյեկտներում անվտանգության պահանջների խախտման հոդվածով:
«Ալարդինսկայա» հանքավայրը գտնվում է Կալտան քաղաքի մոտակայքում և «Ռասպադսկայա» ածխային ընկերության մաս է: Ընկերությունը զբաղվում է կոքսային ածուխի «ԿՍ» ապրանքանիշի արդյունահանմամբ, որը տարեկան կազմում է մոտ 3 միլիոն տոննա: Ածխի պաշարները գերազանցում են 420 միլիոն տոննան, գործող արտադրություններն ունեն ավելի քան 70 կմ ձգվածություն:
Հանքահորում նախկինում տեղի են ունեցել նմանատիպ միջադեպեր։ Մասնավորապես, 2021 թվականի աշնանը ևս արձանագրվել է ծխահարում, այն ժամանակ տարհանվել է ավելի քան 280 մարդ, իսկ տեղամասերից մեկում հայտնաբերվել է ածխաթթու գազի կոնցենտրացիայի գերազանցում։