Ուկրաինայի հատուկ ծառայությունների հինգ գործակալ է ձերբակալվել Իժևսկում, Բառնաուլում, Բլագովեշչենսկում և Աստրախանում: Նրանք տվյալներ էին հավաքում պաշտպանական-արդյունաբերական համալիրի օբյեկտների, տրանսպորտային ենթակառուցվածքների և հատուկ ռազմական գործողության մասնակիցների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնը:
«Իրականացված միջոցառումների ընթացքում ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության 4 քաղաքացիներ և մեկ օտարերկրյա քաղաքացի, որոնք, գտնվելով Իժևսկ, Բառնաուլ, Բլագովեշչենսկ և Աստրախան քաղաքներում, ուկրաինական հատուկ ծառայությունների առաջադրանքով տեղեկություններ են հավաքել պաշտպանական-արդյունաբերական համալիրի և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների, ինչպես նաև ռազմական հատուկ գործողությանը մասնակցող ռուսաստանցի զինծառայողների վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ ԱԴԾ–ի` հետագայում նախատեսվում էր այդ տեղեկություններն օգտագործել դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Կիևի գործակալների գործողությունները համակարգվել են «Telegram» մեսենջերով:
Հարուցվել են քրեական գործեր ահաբեկչության նախապատրաստման դրդելու, ահաբեկչություն նախապատրաստելու, դիվերսիոն գործունեությանն օժանդակելու, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ապօրինի ձեռք բերելու, ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու, ապօրինի ստացված անձնական տվյալներն անօրինական պահելու հոդվածներով:
Բացի այդ, Կինգիսեպում, Չիտայում և Տոմսկում հայտնաբերվել և ձերբակալվել են Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք սոցիալական ցանցերում և «Telegram» մեսենջերում արդարացրել են Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների վրա հարձակումները, Ղրիմի կամրջի ահաբեկչությունը, ինչպես նաև կոչ են արել դիվերսիաներ և ահաբեկչություններ իրականացնել Ռուսաստանի տարածքում գտնվող տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներում:
Հարուցվել և հետաքննվում են քրեական գործեր ահաբեկչական գործունեության հրապարակային արդարացման հոդվածով: