ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik․ ՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տրվել է պետական ընթրիք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Պետական ընթրիքից առաջ երկու երկրների առաջնորդները միմյանց են հանձնել իրենց պետությունների բարձրագույն պատվո նշանները։
Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները միմյանց են հանձնել իրենց պետությունների բարձրագույն պատվո նշանները։
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Փառքի շքանշանով։ Պարգևը շնորհվել է հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման գործում ներդրած նշանակալի անձնական ավանդի համար։
Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները միմյանց են հանձնել իրենց պետությունների բարձրագույն պատվո նշանները։
Ի պատասխան՝ Ֆրանսիայի նախագահի որոշմամբ` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի բարձրագույն պարգևով՝ Պատվո լեգեոնի Մեծ Խաչ շքանշանով։
Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները միմյանց են հանձնել իրենց պետությունների բարձրագույն պատվո նշանները։
Պաշտոնական ընթրիքից հետո Մակրոնը վերցրել է խոսափողը և կատարել ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ամենահայտնի երգերից մեկը՝ «Բոհեմը»։ Կադրերում երևում է, թե ինչպես է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նվագակցում նրան հարվածային գործիքների վրա։
Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը Երևանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Առաջին անգամ Հայաստան է այցելել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նշենք, որ Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»:
Հավելենք, որ Հայաստանում այսօր մեկնարկում է Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը: