«ՀՀ–ն ունի անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ». Երևանը խորացնում է գործակցությունը ԵՄ–ի հետ

Փաշինյանի խոսքով` Հայաստանը կարող է լինել ոչ միայն էներգետիկ առումով ինքնաբավ երկիր դառնալ, այլև էլ ավելի զարգացնել էներգիայի արտահանման պոտենցիալը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է էներգետիկ ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև ռազմավարական լուրջ ծրագրերի մեկնարկի մասին։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկումներից հետո Փաշինյանը նշեց, որ տեղի է ունեցել պատմական շրջադարձ Հայաստանի էներգետիկ կարգավիճակի ընկալման հարցում։
«Պատմականորեն Հայաստանը համարվել է էներգետիկ ռեսուրսների տեսակետից սահմանափակ հնարավորություններով երկիր, այսինքն՝ Հայաստանը դասվել է էներգակիրներից կախվածություն ունեցող երկրների շարքին: Բայց նոր ժամանակներում պարզվել է, որ Հայաստանն ունի անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ, որովհետև մենք ունենք շրջաններ, որտեղ արևային օրերի քանակը գերազանցում է 300-ը։ Սա նշանակում է, որ արևային էներգետիկայի զարգացման անսահման հնարավորություններ կան մեր երկրում։ Այն, ինչ մեզ պակասում է, կուտակիչ կայաններն են։ Շնորհակալ եմ ԵՄ մեր գործընկերներին՝ ՀՀ-ում կուտակիչ կայանների զարգացման ուղղությամբ աջակցելու պատրաստակամության համար»,– ասաց նա։
Նշենք, որ այսօր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ազդարարեց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր հանգրվանի մասին։ Նրա խոսքով ` Եվրոպան պատրաստ է օժանդակել թե՛ ֆիզիկական ենթակառուցվածքների հարցում, քանի որ այդ ապրանքներն ու հումքը պետք է տեղափոխել, և թե՛ տեղական էներգետիկ արտադրության ու էներգետիկ կապերի տեսանկյունից՝ Սև ծովի միջոցով։
Փաշինյանի խոսքով` ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ-ում կուտակիչ հզորությունների զարգացմանը։ Նա հավելեց, որ սրանք էներգետիկ ոլորտում արվող առաջին քայլերն են, բայց նաև նշեց, որ կան կուտակիչ այլ տեխնոլոգիաներ, որոնք հիմնված են ջրի ցերեկային կուտակման և գիշերային ժամերին օգտագործման վրա։
«Իհարկե, ԵՄ-ի հետ աշխատում ենք նաև «կանաչ ջրածնի» արտադրության տեխնոլոգիաները զարգացնելու ուղղությամբ: Ռազմավարական առումով մենք համոզված ենք, որ ճիշտ ճարտարապետության պարագայում Հայաստանը կարող է լինել ոչ միայն էներգետիկ առումով ինքնաբավ երկիր, այլև կարող է էներգիայի արտահանման պոտենցիալն էլ ավելի զարգացնել»,– ավելացրեց Փաշինյանը։
Էներգետիկ նախագծերին զուգահեռ, ըստ Փաշինյանի, օրակարգային է մնում տրանսպորտային կապակցվածության հարցը։ Վարչապետը շեշտեց, որ հարևան երկրների հետ գործակցությամբ Հայաստանը կարող է լիարժեք ինտեգրվել միջազգային մատակարարման շղթաների երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումներին՝ դառնալով կարևոր տարանցիկ հանգույց։
Արևային էներգիան ատոմակայանին այլընտրանք չէ. փորձագետը` Փաշինյանի հայտարարության մասին
Հավելենք` մասնագետները բազմիցս հայտարարել են, որ արևային էներգիան չի կարող այլընտրանք լինել ատոմակայանի համար: Էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանի խոսքով՝ երկրի էներգետիկ համակարգի կյանքի տևողությունն առանց ատոմակայանների չափազանց կարճ կլինի, և Հայաստանը արագ կդառնա էներգետիկ կախվածություն ունեցող պետություն: Մասնագետ Բորիս Մարցինկևիչը կարծում է, որ սա կարող է Հայաստանը վերածել Բալթյան երկրների, որոնք մինչև 2021 թվականը կիսով չափ կրճատել են իրենց կախվածությունը ռուսական գազից: Սակայն դրան հասնելու համար նրանց պարզապես անհրաժեշտ էր... ոչնչացնել իրենց արդյունաբերությունը, կորցնել բնակչության մեկ երրորդը և զրկվել տարանցումից: Սա «դրական փորձ» է, որը, ըստ փորձագետի, Եվրամիությունը ընդօրինակում է: