ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանում ով էլ իշխանության լիներ, Ֆրանսիան շարունակելու էր ամուր հարաբերությունները մեր երկրի հետ։ Գյումրիում 24news.am-ի լրագրողի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին օրերի հայտարարությունները։
«Մակրոնը իսկապես Հայաստանի բարեկամն է, ինքը շարունակեց այն, ինչ իր նախորդները սկսել էին՝ Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը, և ինքն ավելի ակտիվացրեց Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունները։ Բայց ով էլ լիներ ռեժիմը, ով էլ լիներ վարչապետը, նույնը կլիներ։ Նախագահ Մակրոնը մեծ կարևորություն է տալիս Հայաստանին, որովհետև մենք՝ ֆրանսահայ համայնքը, տասնյակ տարիների աշխատեցինք և այդ կապը ստեղծեցինք Հայաստանի ու Ֆրանսիայի միջև»,- ասաց Փափազյանը։
Լրագրողը հետաքրքրվեց` ինչո՞ւ Մակրոնը նմանատիպ սկզբունքային դիրքորոշում չունեցավ Արցախի հարցում։ Փափազյանը նշեց, թե Ֆրանսիան ինչքան կարող էր, զորավիգ եղավ Հայաստանին և Արցախին, տարբեր դատապարտող հայտարարություններ ու բանաձևեր ընդունեց և այլն։
Միաժամանակ Փափազյանը վստահ է` չնայած Ֆրանսիայի նախագահի աջակցությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի անվտանգության, ժողովրդի ու հայ ազգի համար իշխանափոխություն է պետք։
Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը Հայաստան է ժամանել մայիսի 3-ին՝ մասնակցելու Եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Դրանից հետո մեկնարկել է նրա պետական այցը Հայաստանի Հանրապետություն:
Մինչ այդ Ֆրանսիայի նախագահը զբոսնել է Երևանում, հասցրել 2 անգամ առավոտյան վազել Կենտրոն վարչական շրջանում, այցելել Ծիծեռնակաբերդ և Մատենադարան։