Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են մի շարք ռազմավարական փաստաթղթեր

Հայաստանին ներկայացվել են առաջարկություններ՝ բոլոր պայմանների կատարման դեպքում Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի լիարժեք ազատականացման հասնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրվել են մի շարք ռազմավարական փաստաթղթեր։
Հայաստանի և Եվրոպական միության միջև կապակցվածության գործընկերության փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ու Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրենության, Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին։
Արարողության ընթացքում Եվրոպական Միությունը հայկական մի շարք ընկերությունների և հիմնադրամների հանձնել է մտադրության նամակներ` Հայաստանում ներդրումների խթանման նպատակով։ Նամակները հանձնվել են Amber Capital, Firebird.ai, Synopsys, TUMO, Creative Armenia, AGBU ընկերություններին։
Բացի այդ, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյտենսը նախաստորագրել են օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության փաստաթուղթը։
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ՀՀ ներքին գործերի նախարարին է հանձնել մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջընթաց զեկույցը։
Զեկույցում արձանագրվել է Հայաստանի կողմից իրականացվող քայլերի դրական առաջընթացը, ինչպես նաև ներկայացվել են առաջարկություններ՝ բոլոր պայմանների կատարման դեպքում Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի լիարժեք ազատականացման հասնելու համար։