Թուրքիայի փոխնախագահը ժամանեց Երևան

Թուրքիայի փոխնախագահը ժամանեց Երևան
2008 թվականից հետո Յըլմազը թուրք ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik․ Այսօր առավոտյան Երևան է ժամանել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։
Թուրքիայի փոխնախագահը Երևան է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայկական կողմը պաշտոնական հրավեր է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար, սակայն որոշվել է, որ նրա փոխարեն փոխնախագահը կգա Երևան։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` 2008 թվականի այցից հետո Յըլմազը թուրք ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ գալիս է Հայաստան։
Հավելենք, որ հայկական կողմը մասնակցության հրավեր է ուղարկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, սակայն այսօր հայտնի դարձավ, որ նա կմասնակցի տեսակապով։
Հիշեցնենք` Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Երևանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Առաջին անգամ Հայաստան է այցելել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։