Փաշինյան – Զելենսկի հանդիպում է տեղի ունեցել. ի՞նչ են քննարկել

Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են համագործակցության խորացման կարևորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին քննարկել են Հայաստան-Ուկրաինա փոխգործակցության զարգացման հեռանկարները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։
«Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ, ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը։
Նշենք, որ Փաշինյանն ու Զելենսկին անգլերեն են զրուցել։
Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովն անցկացվում է Երևանում։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Երևանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Առաջին անգամ Հայաստան է այցելել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նշենք, որ Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»: