Միգրացիայի խնդիրը նվազեցնում է եվրոպացիների վստահությունը ԵՄ ինստիտուտների հանդեպ. Մելոնի

Այն երկրները, որոնք Եվրոպական միությունը դիտարկում է որպես ածխաջրածինների այլընտրանքային աղբյուրներ, դարձել են անօրինական միգրացիայի լուրջ ուղիներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Միգրացիայի խնդիրը լուծելու անկարողությունը նվազեցնում է եվրոպացիների վստահությունը Եվրոպական միության ինստիտուտների նկատմամբ: Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող պանելային քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ անվերահսկելի միգրացիոն հոսքերը խնդիրներ են ստեղծում քաղաքացիների անվտանգության համար։ Դրանից տուժում է նաև տնտեսությունը, աճում է սոցիալական լարվածությունը։
Գերմանիայում խստացվել են ապաստանի տրամադրման կանոնները
Մելոնին նշել է, որ հանգամանքները ստիպում են ավելի մեծ ուշադրություն դարձնել Հարավային Միջերկրածովյան երկրների հետ համագործակցությանը (որոնք Եվրոպայի հարավ անօրինական միգրացիայի հիմնական աղբյուրներից և ուղիներից են– խմբ.)՝ շեշտը դնելով տնտեսական փոխգործակցության վրա։
Նա ընդգծել է, որ անօրինական միգրացիայի ուղիները գործում են հենց այն երկրներում, որոնց հետ ԵՄ-ն ցանկանում է ընդլայնել էներգետիկ համագործակցությունը (նկատի ունի Ալժիրը և Լիբիան– խմբ.): Այսպիսով, Մելոնիի խոսքով, ԵՄ երկրների համար միանգամից մի քանի խնդիր է փոխկապակցված՝ միգրացիան, էներգետիկան, ինչպես նաև արհեստական բանականությունը:
«Երբ քաղաքացիները տեսնում են, որ կարևորագույն խնդիրները չեն լուծվում, վստահությունը (ԵՄ-ի– խմբ.) ինստիտուտների նկատմամբ կորչում է, մարդիկ դառնում են ավելի խոցելի մանիպուլյացիաների հանդեպ, այդ թվում՝ արհեստական բանականության օգնությամբ ստեղծված մանիպուլյացիաների»,-հայտարարել է Իտալիայի վարչապետը՝ հավելելով, որ ԵՄ երկրները պետք է այս խնդիրների լուծումները մշակեն միասին:
Հիշեցնենք` մայիսի 4-ին Երևանում անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը:
Sputnik Արմենիան այդպես էլ գագաթնաժողովի հավատարմագրում չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի ստացել, իսկ թույլտվություն չտալու պատճառը չի նշվել։ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»: