ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ ու տիպիկ օրինակ է։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Ֆրանսիայի նախագահին, թե «8 տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան»։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում ելույթի ժամանակ Մակրոնը հայտարարել էր, թե «ութ տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա, այս երկիրը բանակցությունների սեղանի շուրջ դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ, սակայն թավշյա հեղափոխությունից հետո «երկրի ուղեգիծը փոխվել է»։
«Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, նույն իր երկրի օրինակով, ում բոլոր վերջին նախագահները մշտապես եղել են Հայաստանում՝ թե Ժակ Շիրակը, թե Նիկոլա Սարկոզին, թե Ֆրանսուա Օլանդը։ Բայց նա պատրաստ է Նիկոլի խաթր մոլորեցնել բոլորին ամբողջ աշխարհի առաջ։ Բարեկամ Ֆրանսիան և նրա բարեկամ ժողովուրդը հաստատ նման բանի արժանի չեն»,- գրել է Աշոտյանը։
Հիշեցնենք` այսօր Երևանում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»: