Մայիսի 9-ին Մոսկվա այցելելու մասին լրագրողներից մեկի հարցին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Երևանում զգացմունքային է արձագանքել.
«Դուք այդ այցի կապակցությամբ բոլորովին խելքներդ գցե՞լ եք»։
Նա հստակեցրել է, որ կարճ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն զորահանդեսին չի մասնակցի:
«Սլովակիայի ազատագրման ժամանակ զոհվել է 70 հազար երիտասարդ զինվոր։ Դա Կարմիր բանակն էր, որի կազմում բոլորն էին (ԽՍՀՄ ժողովուրդների ներկայացուցիչները): Այնտեղ ուկրաինացիներ էին, ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների ներկայացուցիչներն էին։ Ես շաբաթ օրը կմեկնեմ Մոսկվա և ծաղիկներ կդնեմ Անհայտ զինվորի գերեզմանին, որպեսզի ազատագրման համար սլովակների անունից շնորհակալություն հայտնեմ: Ես պետք է կարճ հանդիպում ունենամ նախագահ Պուտինի հետ։ Դա է ամենը», - ԵՔՀ երևանյան գագաթնաժողովի շրջանակներում տված հարցազրույցում ասել է նա։
Նշենք, որ Ֆիցոն Երևան է ժամանել այսօր առավոտյան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն այսօր անցկացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»: