ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Երևանում հանդիպում է ունեցել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ, բայց լրագրողներին ասել է, որ շատ հարցերում իրենց հայացքները տրամագծորեն տարբերվում են:
Ֆիցոն Զելենսկու հետ կարճ հանդիպումն անցկացրել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում՝ քննարկելով սլովակա-ուկրաինական միջկառավարական խորհրդակցությունների զարգացման հեռանկարները։
«Իրականում ինձ հետաքրքրում էր միայն մեկ թեմա՝ արդյոք Ուկրաինան ցանկանում է շարունակել կառավարությունների համատեղ նիստերի անցկացման պրակտիկան։ Ես դա համարում եմ երկու երկրների համագործակցության շարունակման լավագույն ձևաչափ», - ասել է Ֆիցոն։
Կառավարությունների համատեղ նիստի ձևաչափով հերթական սլովակա-ուկրաինական միջկառավարական խորհրդակցությունները, նրա խոսքով, կանցկացվեն մինչև այս տարվա հունիսի վերջը: Դրանց գումարման վայրը դեռ որոշված չէ, սակայն Սլովակիան նախընտրում է, որ անցկացվեն Բրատիսլավայում։
Ֆիցոն ընդգծել է, որ ինքը և Զելենսկին «բոլորովին տարբեր տեսակետներ ունեն պատերազմի և այն մասին, թե ինչպես պետք է գործել [Ուկրաինայի տարածքով Եվրոպա տարանցման] նավթի և գազի մատակարարման և Կիևին «ռազմական վարկեր» տրամադրելու հարցերով:
«Այսուհետ ևս Սլովակիան չի աջակցի Ուկրաինայի համար որևէ ռազմական վարկի», - Բրատիսլավայի դիրքորոշումը վերահաստատել է Ֆիցոն:
Նա հիշեցրել է, որ Սլովակիան դեմ էր Եվրամիության կողմից Ուկրաինային 90 մլրդ եվրոյի չափով վարկ տրամադրելուն:
Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն այսօր անցկացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»: