Հունաստանը ձգտում է վճռորոշ դեր խաղալ տարածաշրջանային գազի ներկրման հարցում. նախագահ

Հունաստանի նախագահի խոսքով` Եվրոպան կոչված է գտնելու այնպիսի լուծումներ, որոնք կնպաստեն իր միասնականությանն ու ռազմավարական ինքնավարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Միջազգային անբարենպաստ իրավիճակի պայմաններում Հունաստանը զարգացնելու է էներգետիկ ենթակառուցվածքները, այդ թվում՝ «Ուղղահայաց գազային միջանցքը», և ձգտում է վճռորոշ դերակատարում ունենալ Բալկաններ, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպա էներգակիրների ներկրման և մատակարարման գործում։ Այս մասին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը։
Նրա խոսքով՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովն անցկացվում է Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար բեկումնային պահին։
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունները սպառնում են խաղաղությանը, տնտեսական զարգացմանն ու էներգետիկ անվտանգությանն ամբողջ աշխարհում։ Այս մռայլ իրականության մեջ Եվրոպան` որպես մեկ միասնություն, կոչված է փնտրել լուծումներ, որոնք կամրապնդեն իր միասնականությունն ու ռազմավարական ինքնավարությունը», - նշել է նախագահը։
Տասուլասն ընդգծել է, որ երևանյան գագաթնաժողովում անհրաժեշտ է քննարկել եվրոպական տնտեսության հզորացման հարցերը։
«Հունաստանը նպատակ ունի առանցքային դեր ստանձնել այս ոլորտում՝ զարգացնելով այնպիսի ենթակառուցվածքներ, ինչպիսին է «Ուղղահայաց միջանցքը»։ Այն երկիրը կվերածի էներգակիրների և այլ ապրանքների ներկրման ու փոխադրման հանգույցի՝ դեպի Բալկաններ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպա», - հավելել է Հունաստանի նախագահը։
Կայա Կալասը Երևանից կմեկնի Բաքու
«Ուղղահայաց գազային միջանցք» նախագիծն ուղղված է Հունաստանից դեպի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ հեղուկացված բնական գազի մատակարարման երթուղու ստեղծմանը։ Նախագծին մասնակցում են Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Սլովակիայի, Ուկրաինայի և Մոլդովայի գազատրանսպորտային ցանցերի օպերատորները։
Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»: