ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Երևանում Բելգիայի դեսպանատուն բացվեց։ Արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը, որը Հայաստանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։
«Բելգիայում հայկական մեծ համայնք կա։ Մեր երկու երկրի միջև սերտ համագործակցություն կա։ Սա պատմական պահ է։ Այս դեսպանատունը Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունների խորհրդանիշն է, սա ապագայի նկատմամբ մեր պարտավորությունն է»,- ասաց Վևերը։
ՀՀ վարչապետն էլ նշեց, որ Երևանում Բելգիայի դեսպանատուն բացելը մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլ է։ Փաշինյանը շեշտեց, որ այժմ համագործակցում են ժողովրդավարության զարգացման ուղղությամբ։
Դեսպանատունը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող «Կամար» բիզնես կենտրոնում։