ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Կանադան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին ընտրությունների անցկացման հարցում։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Կանադա երկկողմ բարեկամական հարաբերություններին և մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Մարկ Քարնին Հայաստան է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։
Ավելի վաղ Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել էր, որ ԵՄ-ն արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր «սպառնալիքներին հակազդելու» համար։