Հայաստանն ու Բուլղարիան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել

Հայաստանն ու Բուլղարիան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգացման մեր ներուժ ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik․ Հայաստանն ու Բուլղարիան այսօր ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ Փաստաթուղթը ստորագրվել է Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովայի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքներով։
Հանդիպման ընթացքում ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները բարձր քաղաքական երկխոսության մակարդակի վրա են, և ստորագրված փաստաթուղթն արձանագրում է դրանց ռազմավարական բնույթը։ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունները մեծ ներուժ ունեն։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Բուլղարիա հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր, անդրադարձել տարածաշրջանային նշանակության տարբեր թեմաների։
Հիշեցնենք, որ Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան Հայաստան է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար, որը կայանալու է մայիսի 4-ին Երևանում։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Հավելենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: