Բաքվում պահվող հայ գերիների հարցը Մակրոնը կքննարկի Ալիևի հետ

Էմանուել Մակրոնը Երևանի կենտրոնում
Նա վստահեցրել է, որ Ֆրանսիան կշարունակի անել հնարավորը տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցման համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կքննարկի Բաքվում պահվող հայ գերիների հարցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին նա հայտնել է այսօր Երևանում news.am–ի հետ զրույցում։

«Վաղը նախատեսում եմ հանդիպում անցկացնել Հայաստանի վարչապետ հետ՝ այս հարցի շուրջ: Անմիջապես հետո ես ևս մեկ քննարկում կունենամ նախագահ Ալիևի հետ։ Դուք գիտեք, որ մենք միշտ փորձում ենք միջնորդի դեր խաղալ և օգնել», – ասել է Մակրոնը` պատասխանելով հարցին. թե Հայաստանի հասարակությունը պահանջում է, որ դուք և միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկեք Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Ո՞րն է ձեր արձագանքը։

Ֆրանսիայի նախագահը կարևորել է միջազգային իրավունքի պահպանումը և հավելել, որ Ֆրանսիան կշարունակի անել հնարավորը տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցման համար:
Հավելենք, որ Ֆրանսիայի նախագահը ՀՀ է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար և պետական այցով։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
Աջակցեք Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը. բաց նամակ՝ ԵՄ պաշտոնյաներին