ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. ՀՀ 1–ին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն ավելի շատ մտահոգված է հետընտրական շրջանի իրադարձություններով: Այս մասին նա ասել է` պատասխանելով iLur.am-ի հարցին, թե ինչ կարծիք ունի նախընտրական կոշտ բանավեճի մասին:
Նշենք, որ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին Բաքվից ամենաբարձր մակարդակով պարբերաբար հնչող պահանջը Հայաստանում դարձել է նախընտրական բանավեճի առարկա: Ընդդիմադիր առանցքային որոշ ուժեր պնդում են, թե վարչապետ Փաշինյանը կատարելու է նաև Բաքվի այս մի պահանջը՝ Հայաստան բերելով 300 հազար ադրբեջանցիների, մինչդեռ իշխանությունը հերքում է, թե նման մտադրություն ունի՝ այս հարցը բարձրացնողներին իր հերթին մեղադրելով ադրբեջանական նարատիվները տարածելու մեջ:
«Ինձ ամենևին չի հետաքրքրում բանավեճ կոչվող այդ բեմադրությունը: Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար»,- ասել է Տեր-Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 7-ին: Տեր–Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։