ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի ժամանելու Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերմանական DPA գործակալությունը։
Այսպիսով, թվով 8-րդ գագաթնաժողովն առաջին անգամ կանցկացվի առանց գերմանական կառավարության ղեկավարի։
«Գերմանիայի կանցլերը չի կարող ուղևորվել՝ այլ պարտավորությունների պատճառով։ Գերմանիայի կանցլերն արդեն մասնակցել է քաղաքական համայնքի 2 հանդիպման և ակտիվ կապի մեջ է բազմաթիվ մասնակիցների հետ»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը՝ ի պատասխան DPA գործակալության հարցման:
Նշվում է, որ Մերցը մայիսի 4-ին Բեռլինում կմասնակցի Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահության նիստին։ Կանցլերի մասնակցությամբ այլ հրապարակային միջոցառումների մասին կառավարության մամուլի ծառայությունը դեռ չի հայտնել:
Հիշեցնենք, որ Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Այդ օրերին Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Երկօրյա այցով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: