ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik․ Աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողության ոլորտում 2026 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում արձանագրվել է դիմում-բողոքների թվի որոշակի նվազում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը` հավելելով, որ խնդիրների բնույթն էական փոփոխություն չի կրել։
«Եթե 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ստացվել էր 208 դիմում, որոնցից 177-ի հիմքով հարուցվել էին վարչական վարույթներ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում ստացվել է 193 բողոք՝ 162 հարուցված վարույթով։ Չնայած քանակական փոփոխությանը, խնդիրների բնույթն ու թիրախային ոլորտները գրեթե նույնն են»,– ասաց նա։
Աշխատողների իրավունքների խախտման տեսանկյունից, ըստ Արշակյանի, առավել ռիսկային են համարվում շինարարության և սպասարկման բնագավառները, սակայն զգալի թիվ են կազմում նաև առողջապահության և կրթության ոլորտներից ստացվող դիմումները։ Նրա խոսքով` բողոքների զգալի մասը վերաբերում է ֆինանսական պարտավորություններին և աշխատաժամանակի սխալ հաշվարկին։
«Ստացված դիմում-բողոքները վերաբերում են վերջնահաշվարկ չկատարելու, աշխատավարձն օրենքով սահմանված կարգով չհաշվարկելու և չվճարելու, նաև արձակուրդ չտրամադրելու և արտաժամյա աշխատանքի համար չվարձատրելու դեպքերին։ Վերջին տարիներին շատ դիմում-բողոքներ ենք ստանում նաև աշխատանքի էական պայմանների անհիմն փոփոխության վերաբերյալ»,– նշեց Արշակյանը։
Տեսչական մարմնի դիտարկումները ցույց են տալիս, որ քաղաքացիները հաճախ խուսափում են բարձրաձայնել խնդիրների մասին, քանի դեռ գտնվում են աշխատանքային հարաբերությունների մեջ։ Մասնագետը սա բացատրեց գործատուից ունեցած կախվածությամբ, ինչի հետևանքով իրական բողոքները ներկայացվում են միայն պայմանագրի լուծումից հետո։ Արշակյանը նշեց, որ այդ ժամանակ վերջնահաշվարկի պահանջին զուգահեռ աշխատողները սկսում են թվարկել նաև նախկինում տեղի ունեցած այլ խախտումները։
«Բայց նկատվում է նաև դրական միտում։ Ի ուրախություն բոլորիս, պիտի ասեմ, որ այս տարիների ընթացքում շատացել է նաև տեսչական մարմին դիմող այն աշխատողների թիվը, որոնք հենց աշխատանքային հարաբերությունների ընթացքում, արդեն իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով, դիմում են մեզ։ Տեսչական մարմինն այս պահին ընթացք չի տալիս անանուն բողոքներին։ Բոլոր քննվող գործերը ներկայացվում են օրենքով սահմանված կարգով՝ անձամբ աշխատողի կամ նրա ներկայացուցչի կողմից»,– ավելացրեց նա։
Միևնույն ժամանակ բանախոսը նկատեց, որ հաճախ գործատուները փորձում են «մաքրել հետքերը» փաստաթղթավորման մեջ, ինչը դժվարացնում է վերահսկողությունը, հատկապես, երբ բողոքը ներկայացվում է տարիներ անց։ Սակայն Արշակյանը հիշեցրեց, որ գործատուն պարտավոր է պահպանել ներքին իրավական ակտերը, հետևաբար, ապացույցներ ձեռք բերել սովորաբար հաջողվում է։ Բաժնի պետը պարզաբանեց, որ վարչական վարույթների մի մասն ավարտվում է կարգադրագրերով, որոնք ուղղակիորեն պարտավորեցնում են վերացնել խախտումը։
«Անցած տարի 177 դիմում-բողոքի հիմքով վարչական վարույթ է հարուցվել, տրվել է ընդամենը 39 կարգադրագիր։ Կարգադրագրի արդյունքում աշխատողների խախտված իրավունքները վերականգնվում են, որովհետև այն տրվում է աշխատանքային օրենսդրության նորմերի պահանջների խախտումը վերացնելու նպատակով»,– մանրամասնեց նա։
Հարուցված վարույթների գրեթե կեսը կարճվում է հենց սկզբնական փուլում։ Նրա խոսքով` պատճառն այն է, որ գործատուները, տեղեկանալով բողոքի մասին և ցանկանալով խուսափել խորը վերահսկողությունից, շտապում են վերացնել խախտումը մինչև բուն ստուգումների մեկնարկը։ Արդյունքում, քաղաքացիները հրաժարվում են իրենց դիմումներից, քանի որ նրանց պահանջն արդեն բավարարված է լինում։
Հիշեցնենք, որ աշխարհի ավելի քան հարյուր պետություններում մայիսի 1–ը նշվում է որպես Աշխատավորների համերաշխության միջազգային օր: Պատմության մեջ մայիսի 1–ը մտել է 1884 թ., երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: Խորհրդային Միությունում մայիսի 1–ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Սովետական Հայաստանում այս տոնը սկսվեց նշվել 1919 թ.: «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում այս օրը ամրագրված է որպես Աշխատանքի օր, և այն ոչ աշխատանքային է: