Անլուծելի հարցեր չկան. Պապոյանը` Wildberries-ի և Ozon-ի հետ կապված իրավիճակի մասին

Գևորգ Պապոյանն առաջարկեց սառնասրտորեն մոտենալ բոլոր հարցերին և շտապողական հայտարարություններ չանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Wildberries և Ozon մարկետփլեյսներում հայկական ապրանքների վաճառքի հետ կապված խնդիրներին այսօր է ծանոթացել` լրատվամիջոցների հրապարակումներից։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ արդեն իսկ հանձնարարականներ է տվել է խնդիրները հասկանալու, թե որ ընկերություններն են խնդիրներ ունեցել, ինչու, ինչ ժամկետով և այլն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Wildberries և Ozon մարկետփլեսները փակել են հայկական ԱՁ ու ՍՊԸ ունեցողների ապրանքների վաճառքը։
«Կարող է պարզվել, որ ձեռնարկատերերի 5%-ն ինչ-որ պատճառով խնդիրներ ունի, որոնք կլուծվեն 5 օրից։ Բայց երբեմն այնպես է լինում՝ մենք հուզական հայտարարություններ ենք անում, որոնք կարող են ազդել ընդհուպ մինչև միջպետական հարաբերությունների վրա։ Այնպես որ, առաջարկում եմ սառնասրտորեն մոտենալ բոլոր հարցերին։ Իմ փորձը ցույց է տալիս, որ անլուծելի հարցեր չկան։ Կաշխատեն նույնիսկ հանգստյան օրերին և իրավիճակը կլուծենք»,- ասել է Պապոյանը։
Նշենք, որ Wildberries ընկերություն արդեն պարազաբանում է տարածել, որ մարկետփլեյսը հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները դադարեցրել է ապրիլի 20-ից Ռուսաստանի Դաշնությունում մաքսային ձևակերպման կանոնների փոփոխման պատճառով։
Հիշեցնենք՝ Հայաստանյան առևտրային ընկերությունները 2025 թվականին Wildberries մարկետփլեյսում 122%-ով ավելացրել են վաճառքի ծավալները։
Հայաստանից վաճառողների թիվը Wildberries մարկետփլեյսում տարվա ընթացքում աճել է 106%-ով։