Ադրբեջանական բենզինը չլիներ, մեզ մոտ գները մի քանի հարյուր դրամով թանկ կլինեին․ Պապոյան

Բենզին
ՀՀ-ում հեղուկ գազի վերաբերյալ Գևորգ Պապոյանն ասաց, որ շուտով էականորեն իրավիճակը կփոխվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պնդում է, որ ՀՀ-ում այսօրվա դրությամբ ադրբեջանական բենզինի ներկրումը չլիներ, երկրում եղած վառելիքը մի քանի հարյուր դրամ ավելի թանկ կլիներ։ Հանրապետության հրապարակում գտնվող նախարարն այս մասին ասաց Աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։
«Բենզինն աշխարհի երկրների մեծ մասում թանկացել է մի քանի անգամ, իսկ ՀՀ-ում՝ մի քանի տոկոսով։ Շատ պարզ ու ուղիղ ասեմ՝ ինչու է այդպես։ Ադրբեջանական բենզինն ու դիզելը եթե չլինեին, մեր մոտի գները մի քանի հարյուր դրամ ավելի բարձր կլինեին, քանի հիմա է։ Պետք է հնարավորինս շատ պահել այդ դիվերսիֆիկացիան, որպեսզի աշխարհաքաղաքական ազդեցությունները մեզ վրա քիչ երևան»,- ասաց Պապոյանը։
Նա անդրադարձավ նաև ՀՀ-ում հեղուկ գազի վերաբերյալ առաջացած խնդրին։ Շեշտեց՝ Վրաստանի հետ սահմանին հեղուկ գազով լցված բազմաթիվ մեքենաներ կան ու դրանք գալիս են Հայաստան։ Պապոյանի խոսքով՝ դրանք այն մեքենաներն են, որոնք մնացել էին ռուսական կողմում, քանի որ Լարսում ձյուն էր տեղում։ Երեկ էլ են բազմաթիվ մեքենաներ եկել, այսօր ու վաղն էլ կգան ու իրավիճակն էականորեն կփոխվի, քանի որ մեծ մասը հեղուկ գազի միշտ էլ Ռուսաստանից է եկել։ Նախարարի պնդմամբ՝ ամբողջական իրավիճակը չի վերականգնվի, քանի որ Իրանից նույնպես մատակարարումներ եղել են, ուղղակի իրավիճակի պատճառով այժմ դադարեցվել են։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։
2026 թ․ հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: Ադրբեջանի Մաքսային կոմիտեի տվյալներով` միայն հունվարին Հայաստանն Ադրբեջանից 2 մլն 403,6 հազար դոլարի բենզին և դիզելային վառելիք է ներկրել։ Սա կազմում է երկրի ընդհանուր արտահանման 0,1 տոկոսը։ Այս տարվա առաջին եռամսյակում, ըստ Ադրբեջանի Մաքսային կոմիտեի, Հայաստան է արտահանվել 5,8 մլն դոլարի արտադրանք: