Տուապսեում ջրի օգտագործման արգելք է սահմանվել. 12,6 հազար խմ աղտոտված հող է դուրս բերվել

Տուապսեի տարածքում ապրիլի 28-ից տարածաշրջանային մակարդակի արտակարգ դրության ռեժիմ է գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Կուբանի Տուապսեի շրջանում ջրի օգտագործման ժամանակավոր սահմանափակումներ են գործում։ Այս մասին հայտնում է տարածաշրջանի առողջապահության նախարարությունը:
«Տուապսեի շրջանում տարածաշրջանային մակարդակի արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված` գործում են նախազգուշական միջոցներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ջրի օգտագործման ժամանակավոր արգելք է սահմանվում», - ասված է հաղորդագրության մեջ:
Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ Տուապսեում մարել են նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհը:
«Թշնամու անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով առաջացած հրդեհը մարվել է», – գրել է նա «Max» հարթակում:
Դպրոցներն այսօր չեն գործել: 5 մանկապարտեզներից 2-ը ժամանակավորապես փակվել են։
Ծովի ափամերձ գծի երկայնքով կատարվում է պատնեշների փոխարինում: Աշխատանքներ են ընթանում նաև Տուապսե գետի ջրային տարածքում։ Տուապսեի առափնյա գիծը մաքրող աշխատակիցների թիվը հասել է ավելի քան 600-ի։ Մասնագետները նավթով աղտոտված 12 656 խմ հող են դուրս բերել, միայն վերջին օրվա ընթացքում՝ գրեթե 3 հազար խմ:
Կարո՞ղ են բնապահպանական հետևանքներ լինել. իրավիճակը Տուապսեում՝ ԱԹՍ-ների հարձակումից հետո
Հիշեցնենք` հրդեհը բռնկվել էր ապրիլի 28–ի առավոտյան՝ ԱԹՍ–ների բեկորների ընկնելուց հետո։ Արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը երեկոյան հայտնեց, որ նավթի բոլոր արտահոսքերը կասեցվել են: Տուապսեի մունիցիպալ օկրուգում տարածաշրջանային մակարդակի արտակարգ դրություն է մտցվել։
Ավելի ուշ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը մանրամասներ հայտնեց` ուկրաինացի զինյալները հարվածել են արտահանվող նավթի պահեստարանին: Նա ընդգծեց, որ Կիևի ռեժիմն իր գործողություններով մեծացնում է համաշխարհային շուկաներում ածխաջրածինների պակասուրդը, որն առաջացել է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Տուապսեի վրա հարձակումը սպառնում է լուրջ բնապահպանական հետևանքներով:
Նշենք, որ Կրասնոդարի երկրամասում մեծ թվով հայեր են ապրում։ Տուապսեի շրջանի բնակչության մոտ 21%-ը հայեր են։