Պետք է դուրս գանք աղքատ ազգականի վիճակից. Փաշինյանը` Թրամփի հիմնադրամի անդամավճարի մասին

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը մասնակցելու է հիմնադրամի աշխատանքներին ու, ըստ էության, վճարելու է գումարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Գազայի հարցով հիմնված Խաղաղության խորհրդի հիմնադրամի հետ կապված ֆինանսական որևէ պարտավորություն չկա, կա կամավորություն։ ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Հայաստանը հիմնադրամի անդամ է, սակայն մշտական ​​անդամ չէ և, ըստ այդմ, պարտավոր չէ վճարել 1 միլիարդ դոլար անդամավճար։ Մինչդեռ այսօր ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ միանալով Խաղաղության խորհրդի կանոնադրությանը` Հայաստանի համար առկա են ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով: Գումարի չափը այսօրվա որոշման մեջ նշված չէ։
«Կարծում եմ, որ ՀՀ–ն պետք է դուրս գա աղքատ ազգականի կարգավիճակից, որ ինքը բոլոր տեղերը գնում է և ենթադրենք` այն վիճակում է, որ ծուռ վզով մի անկյունում կանգնած է։ Մենք պետք է մասնակցենք ու նաև մեր ներդրումը մեր չափով ունենանք։ Ոչ մի պարտավորություն ՀՀ–ն չունի, սակայն ես կարծում եմ, որ մենք պետք է մասնակցություն ունենանք, և մենք կունենանք մասնակցություն»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր հավանություն տվեց արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախագծին, ըստ որի` Հայաստանը կվավերացնի Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։