Փաշինյանը Զելենսկուն սպասում է Հայաստանում

Մայիսի 4–ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպասում է Հայաստանում, այդ թվում` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա պատասխանեց Sputnik Արմենիայի այն հարցին, թե արդյոք Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի մայիսյան գագաթնաժողովին մասնակցելու համար հրավեր ուղարկել է Ուկրաինայի նախագահին։
Ավելի վաղ «168 ժամ» կայքը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ Զելենսկին կժամանի Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի մայիսյան գագաթնաժողովին: Հատկանշական է, որ մի քանի օր առաջ նա եղել է Ադրբեջանում։
Նշենք, որ մայիսի 4–ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Այդ օրերին Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Մայիսի 3-ից 5–ը Հայաստանում կլինի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա կմասնակցի Եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ինչից հետո կմեկնարկի նրա պետական այցը Հայաստանի Հանրապետություն: