ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը ադրբեջանական բենզինի ներկրումից հետո տնտեսվարողների մոտ հեղուկ վառելիքի գների հետ կապված դատական գործերից 3-ով պարտվել է։ Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով ադրբեջանական բենզինի ներկրմանն ու դրա գներին առնչվող հարցերին։
«Մենք 3 դատական գործ պարտվել ենք առաջին ատյանի դատարանում։ Դատարանը կարծել է, որ մենք սխալ էինք պատկերացրել, թե բենզինի գները բարձրացրել էին, ու դրանք ամենևին էլ բարձր չեն եղել։ Հիմա մենք վերաքննիչ բողոք ենք տանելու»,- ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով՝ 2 ընկերություն է ադրբեջանական բենզին ներմուծում (մեկը «Մեգա թրեյդ» ՍՊԸ-ն է, որը շահագործում է Ran oil ընկերությունը, մյուսը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն), այլ տնտեսվարողներ էլ ձեռք էին բերում նրանցից։
Հանձնաժողովը CPS ընկերությանը հարցում է ուղարկել, որտեղից պատասխանել են, որ այդ ընկերությունը դեռ պահում է ադրբեջանական վառելիքն ու չի վաճառում։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։
2026 թ․ հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: Ադրբեջանի Մաքսային կոմիտեի տվյալներով` միայն հունվարին Հայաստանն Ադրբեջանից 2 մլն 403,6 հազար դոլարի բենզին և դիզելային վառելիք է ներկրել։ Սա կազմում է երկրի ընդհանուր արտահանման 0,1 տոկոսը։
Վերջին անգամ Ադրբեջանից Հայաստանի դիզվառելիքով լի գնացք է ուղարկվել ապրիլի 14-ին։