Կառավարությունը 1 մլն դոլար է հատկացրել Մակրոնի պատվին Գյումրիում կայանալիք համերգի համար

Հայտնի է, թե ինչ է անելու Ֆրանսիայի նախագահը Հայաստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՀ կառավարությունը 392 մլն 897.7 հազար դրամ (մոտ 1 մլն դոլար) կհատկացնի պետական բյուջեից Գյումրիում հայ– ֆրանսիական բարեկամությանը նվիրված համերգ կազմակերպելու համար։ Հարցն այսօր ընդունվեց կառավարության նիստում։
Նշենք, որ համերգին ներկա է լինելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով Հայաստանում կլինի մայիսի 3-ից 5–ը։ Նա կմասնակցի Եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ինչից հետո կմեկնարկի նրա պետական այցը Հայաստանի Հանրապետություն:

«Տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը: Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով»,– ասված է կառավարության հաղորդագրությունում։

Ըստ արարողակարգի` Մակրոնը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու Մատենադարան: Այնուհետ ՀՀ վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին ու կմասնակցի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին։
Մակրոնը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետը։