ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Հայկական ծագումով հայտնի ֆրանսիացի պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքջյանը այս տարվա սեպտեմբերին նոր բուրմունք կթողարկի։ Այս մասին նա պատմել է «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում՝ վերջերս Երևան կատարած այցի ժամանակ։
Հիշեցնենք, որ մաեստրոն Երևան էր ժամանել 2026 թվականի ապրիլի վերջին՝ նիշային օծանելիքի հայտնի բուտիկի հրավերով։ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված նրա հանրահայտ Baccarat Rouge 540 բուրմունքի 10-ամյակին։
Լեգենդար պարֆյումերը գաղտնիքներ չի բացահայտել, բայց ասել է, որ դա կլինի ոչ թե պարզապես բուրմունք, այլ հպում, զգացողություն, հիշողություն...
Ֆրանսիս Քյուրքջյանը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1995 թվականին՝ Ժան Պոլ Գոթիեի համար ստեղծված Le Male տղամարդու բուրմունքից հետո, որը դարձավ աշխարհում ամենավաճառվողներից մեկը։ Այդ ժամանակից ի վեր նա ստեղծել է ևս 40 բուրմունք ամբողջ աշխարհի խոշոր ընկերությունների համար, այդ թվում՝ Elie Saab, My Burberry, L'extase և Narciso Rodriguez for Her օծանելիքները։
Քյուրքջյանը օծանելիքի արդյունաբերության խոշորագույն բրենդներից մեկի՝ Maison Francis Kurkdjian պարֆյումերային տան համահիմնադիրն է։ 2001 թվականին նա արժանացել է Ֆրանսուա Կոտիի անվան մրցանակին (օծանելիքի ոլորտի հեղինակավոր պարգև, որը տրվում է ակնառու ձեռքբերումների և բուրմունքների ստեղծման գործում ազդեցության համար)։