ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Կրասնոդարի բնակիչ է ձերբակալվել պետական դավաճանության համար. նա Ուկրաինայի անվտանգության ծառայությանը տեղեկություն էր փոխանցում Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի վառելիքաէներգետիկ ձեռնարկությունների և ռազմական տեխնիկայի տեղակայման ծրագրերի մասին։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
«ՌԴ ԱԴԾ–ն Կրասնոդարի երկրամասում կանխել է 1963 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացու անօրինական գործունեությունը, որն առնչություն ուներ հօգուտ ուկրաինական հատուկ ծառայությունների պետական դավաճանություն կատարելուն», – ասվում է հաղորդագրության մեջ։
Կրասնոդարի բնակիչը WhatsApp-ի միջոցով կապ է հաստատել Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցչի հետ, որին փոխանցել է Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի վառելիքաէներգետիկ ընկերությունների լուսանկարներն ու կոորդինատները, ինչպես նաև օդային տարածքի անվտանգությունն ապահովող ռազմական տեխնիկայի տեղակայման պլանները։
Համակարգողի առաջադրանքով՝ չարագործը նաև տեղեկություններ է հավաքել ընկերություններից մեկի աշխատակիցների վերաբերյալ և փորձել Ուկրաինայի հատուկ ծառայությունների համար հասանելիություն ապահովել դրա կորպորատիվ էլեկտրոնային փոստին։
Կրասնոդարի երկրամասի գծով ԱԴԾ քննչական բաժինը քրեական գործ է հարուցել պետական դավաճանության հոդվածով։ Ձերբակալված անձը կալանավորվել է։