ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ձերբակալել է Մոսկվայի մարզի 2 բնակչի, որոնք Ուկրաինայի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ ահաբեկման գործողություններ են իրականացրել Ռոսկոմնադզորի ղեկավարների բնակության հասցեներում: Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Ձերբակալվել են Մոսկվայի մարզի երկու բնակիչներ, որոնք «Telegram» մեսենջերով հավաքագրվել էին ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից՝ դետեկտիվ և կոլեկտորային գործակալություններում աշխատելու պատրվակով (լեգենդով)», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ձերբակալվածները հրահանգչի հանձնարարությամբ սույն թվականի ապրիլի 28-ին ահաբեկման ակցիաներ են իրականացրել Ռոսկոմնադզորի 4 ղեկավարի բնակության հասցեներում։
Հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներով (խուլիգանություն):