«Ուժեղ Հայաստանի» Արտաշատի գրասենյակի 5 անդամ տնային կալանքի տակ է․ փաստաբան

Փաստաբանը տարակուսած է՝ ինչու են իրավապահները քողարկված ընտրակաշառք համարում այն, ինչը մարդիկ անում են աշխատանքի շրջանակում՝ բուկլետներ բաժանել, քարոզչություն իրականացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Արտաշատի գրասենյակի անդամներից 5 անձի նկատմամբ այս պահին կիրառված է տնային կալանք խափանման միջոցը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Յուրա Իվանյանը։
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդնել էր 12 անձի նկատմամբ կալանքը կիրառել որպես խափանման միջոց։ Ավելի վաղ ապրիլի 16-ին հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ կուսակցության Արտաշատի գրասենյակի 14 ներկայացուցչի ձերբակալության մասին:
«Ընդհանուր 5 անձ է տնային կալանքի տակ, դատարանը Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը մասնակի էր բավարարել։ Երկու անձի վերաբերյալ դատարանը մերժեց խափանման միջոցի կիրառումը՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ։ Մենք մի երևույթի հետ գործ ունենք, որ մարդիկ աշխատանքի են ընդունվում և պետք է բուկլետներ բաժանեն, քարոզչություն իրականացնեն, այնուհետև դրա համար վարձատրվեն, բայց իրավապահները դա որպես քողարկված կաշառք են բնութագրում»,- ասաց Իվանյանը։
Նա միևնույն ժամանակ նաև ընդգծեց, որ կաշկանդված է նախաքննական գաղտնիք չհրապարակելու առումով։
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ոչ միայն ձերբակալել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրանսենյակի անդամներին, այլև ձայնագրություն էր հրապարակել, որտեղ ենթադրաբար հենց տվյալ ուժի անդամներն ու նրանց հետ համագործակցող ՀԿ-ներում որպես աշխատակից գրանցված անձինք խոսում են Արտաշատ համայնքի ընտրողներին ընտրակաշառք բաժանելու մասին։
Հավելենք նաև, որ ապրիլի 14-ին էլ ձերբակալվել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամներ` Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը։ Հաջորդ օրը հակակոռուպցիոն դատարանը նրանց նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն։